Նոր փորձությո՞ւն, թե՞ կրկնվող փուլ ՀՅԴ պատմության մեջ

Նոր փորձությո՞ւն, թե՞ կրկնվող փուլ ՀՅԴ պատմության մեջ

Արդեն երկար ժամանակ էր, ինչ ՀՅԴ համաշխարհային կառույցի քաղաքական իրականության և արևմտյան Ամերիկայի շրջանի «ղեկավարության» երկվությունը բացահայտ էր դարձել:

Երբ աշխարհով մեկ սփռված կուսակցական մեր կառույցը ենթարկվում էր հակադաշնակցական արշավի, որը հերթական անգամ եկել է մեզ փորձելու, մեր շարքերը ջլատելու և ապակողմնորոշելու, մեր մեջ եղան մարդիկ, որոնք չդիմացան այս նոր, բայց կրկնվող փորձությանը:

Նրանք, որոնցից ոմանք տասնամյակներով կրել էին դաշնակցականի անունը, անգամ զբաղեցրել էին «կարևոր» աթոռներ, իրենց համարել էին սերունդներ դաստիարակող, մտավորական, գաղափարական ու «որոշիչ» և «անփոխարինելի» դեր էին վերապահել իրենց կուսակցական կյանքում, ցավոք, չդիմացան այս հերթական փորձությանը, որն այս անգամ եկել էր «ժողովրդավարական», «թավշյա հեղափոխության» անվան տակ: Նրանք էլ, ինչպես հայրենիքում և սփյուռքում ապրող ու աշխատող շատ մարդիկ ու կազմակերպություններ, կլանվեցին այս նոր կարգախոսերով ու դատարկ խոստումներով իրենց և, ցավոք, մեր ազգի ապագան կապեցին այս նոր իշխանությունների հետ: Նրանք գուցե անգամ լավ նպատակներով, ինչին հավատալը դժվար է, փորձեցին ձևանալ «լավ դաշնակցական», «այլախոհ դաշնակցական»՝ մեղավոր համարելով Դաշնակցության այս կամ այն մարմնին, այս կամ այն ղեկավարին, այս կամ այն ընկերոջը և «ձուկ որսալ» այն կեղտաջրում, որի մեջ փորձում էին խորտակել մեզ նոր սորոսական իշխանավորները, որոնք ՀՅԴ-ին մեղադրում էին «հայդատականության» մեջ:

Իսկ ո՞վ էր մեզ հարվածել, մեր դեմ ցեխարձակել՝ պատմության աղբամանը նետել փորձող իշխանավորը: Նա, ում առաջին ամիսների էյֆորայից հետո անմիջապես ճանաչեցինք՝ քիչ թե շատ քաղաքական միտք և հոտառություն ունեցողներս: Նա, ում անմեղսունակ, անկարող ու ծախված քայլերի մասին շարունակեցինք ահազանգել մեր ժողովրդին ու, ցավոք, մեր որոշ «ընկերներին», թե սա գործուղված ագենտ է և ուշ թե շուտ վտանգելու է Արցախն ու ՀՀ անվտանգությունը:

Երբ մեր կուսակցությունը, մեր երիտասարդությունը, մեր համակիրները երկուսուկես տարի շարունակ բացահայտորեն ենթարկվում էին վարչապետի, նախարարների, պատգամավորիկների սպառնալիքներին ու լուտանքներին Արևմտյան Ամերիկայի շրջանից մի խումբ անձինք, ի զարմանս բոլորի, «բարեկամություն» էին փնտրում այդ նույն իշխանության հետ, սրեր էին ճոճում ՀՅԴ Բյուրոյի դեմ և փոփոխություններ պահանջում կուսակցության ռազմավարության մեջ, որ մոտենանք, գործակցենք, համաձայնենք, այժմ արդեն բացահայտված թուրքամետ վարչապետի և նրա թիմի հետ: Այս նույն խմբակն էր, որ նյութական խոշոր ներդրումներով Լոս Անջելեսում դիմավորեց վարչապետին և հովանավորեց ու հունավորեց նրա տիկնոջ, իբր բարեսիրական, ֆոնդը, որին նվիրած սփյուքահայության օժանդակությունները մինչ օրս էլ պարզ չէ, թե ինչի՞ վրա են ծախսվում:

Իհարկե, պատերազմը և նոյեմբերի 10-ին ստորագրված պարտության համաձայնությունը բացահայտեցին այն, ինչ տակն ու վրա արեց հայ իրականությունը՝ բերելով մեզ ու դեմ հանդիման կանգնեցնելով հետպատերազմյան քաոսին: Այն բոլորից հետո ինչ մենք ազգովին ապրեցինք վերջին ամիսներին, այն պարտությունից հետո, երբ կոտրվեց մեր ազգի ողնաշարը ու այն էլ՝ որպես ՀՀ իշխանությունների դավաճանության հետևանք, «խելամտություն» չէր լինի մնալ այդ խորտակվող նավի մեջ:

Ահա այս նոր պայմաններում շատերը փոխեցին իրենց ճամբարը, որոնց շարքում նաև վերոնշյալները, ովքեր 2018-2020-ի նոյեմբեր ժամանակահատվածում մեր շրջանի Դաշնակցական մամուլը վերածել էին իշխանամետ հոդվածների շտեմարանի: Ի՞նչ արժեք է իրենից ներկայացնում վերջին ամիսների նրանց «դարձը» դեպի ազգային ճակատ, որն այսօր իմաստավորվում է կապիտուլյանտ իշխանությունների դեմ Հայրենիքի փրկության շարժման պայքարով: Այսօր նրանց հրապարակած հականիկոլ հայտարարություններին չի հավատում որևէ մեկը, ով ունի քաղաքական հոտառություն: Քամու ուղղության փոխվելու հետևանքով՝ թույլ տված սխալները կոծկելու խղճուկ ու անպատվաբեր փորձերը, ցավոք, չեն կարող սրբագրել և մոռացնել տալ ամբողջ երկուսուկես տարի երկարող նիկոլական, նեոլիբերալիստական քարոզարշավը:

Եթե անգամ ձևացնենք, որ այդ հայտարարություններն անկեղծ են, ապա ժամանակավրեպ են:

Ցավոք, «դաշնակցության այլախոհերը», «լավ դաշնակցականները», որոնք վայելում էին վարչապետի ու իր խորհրդականների «համակրանքն» ու «մտերմությունը» մինչև այսօր փորձում են, ՀՅԴ շարքերը պառակտելով, հարվածել հայաստանյան և սփյուռքյան քաղաքական կյանքում ապիկար իշխանություններին գահընկեց անելու գլխավոր գործող ուժերից մեկին՝ ՀՅԴ-ին, որը, բնականաբար, համարվում է վարչապետի, նրա աթոռապաշտ թիմի և ինչպես պարզվում է թուրքիայի, ադրբեջանի, գորշ գայլերի ու էլի նման հակահայկական տանդեմի դեմ ծառացած և աշխատող համար մեկ թշնամին:

Ուրեմն ՀՅԴ համաշխարհային հզոր ընտանիքը տկարեցնել փորձող վերոնշյալ հակահայ ուժերը կրկին, ինչպես մեր 131-ամյա պատմության մեջ տասնյակ այլ անգամներ, փորձում են այս անառիկ բերդը գրավել «ներսից»: Ո՞վ և ո՞ր ուժը կարող է ավելի առատ ջուր լցնել նրանց ջրաղացին, եթե ոչ, ԿԳՄՍ նախկին նախարարի խոսքերով, «դրսի, իրենց համախոհ» դաշնակցականները: Այլևս բացահայտվեց դաշնակցական ձևացող մի շարք անձանց ու, ցավոք, նախկին ընկերների նպատակը, որոնք ՀՅԴի և հայրենիքի համար այս ամենաորոշիչ ժամանակներում որոշեցին հրապարակավ չենթարկվելով ՀՅԴ Բիւրոյի որոշումներին, առանձնանալ և ստեղծել իրենց նոր կազմակերպությունը, հակականոնագրային քայլերով չհնազանդվել որոշումներին, «ընտրել» իրենց «մարմին»ը, որին չի ճանաչում ոչ Բիւրոն և ոչ ՀՅԴ կառույցը, գրավել ազգային-կուսակցական գույքը, շէնքերը, հաշիւները, մամուլը և որ ամենազավեշտալին է չորդեգրել նոր անուն իրենց «նոր կազմակերպության» համար, այլ նաև փորձ անել զավթելու ՀՅԴ անունը և հանդես գալ այդ անվամբ: Իսկ մենք իրավացիորեն կարող ենք պարզ մի հարց տալ մեզ, թե ո՞վ է շահելու այս պառակտումից և կհամոզվենք, որ պառակտում փորձող այս մեր հին ընկերները ցավոք (գիտակցաբար կամ անգիտակցաբար) շարունակում են ջուր լցնել վերոնշյալ նույն ուժերի ջրաղացին:

Սակայն այդ ուժերը լավ չգիտեն մեզ, մեր տեսակը, մեր ազգի ու նրա արդար զավակ ՀՅԴի ինքնամաքրման, վերընձյուղուելու, փյունիկի պես մոխիրների միջից վեր հառնելու, երկարատև ու անմռունչ պայքարի ունակությունը: Սա ոչ առաջին ու ոչ վերջին իշխանությունն է, որ փորձում է մեր ուժերը ջլատել: Նմանատիպ շարժումների հաճախ ենք հանդիպում պատմության մեջ, որոնք այլևայլ ելակետերից ու նպատակներով սկսում են, ահագնանում, մի որոշ ժամանակ խցկվում մեր առօրյան, ցավոք շեղում մեզ մեր գլխավոր անելիքից, բայց ժամանակ անց վերանում, սառչում, մոռացվում, մեկուսացվում ու այո՛ պատմության էջերն են անցնում, որպես դաս գալիք սերնդներին, որ թշնամին միշտ դարանում է ու նրա որդեգրած նպատակները կարող են շատ տարբեր դրսևորումներ ունենալ:

Ծանր են օրերը, դժվարին որոշումներ պետք է կայացնենք, թե անհատաբար ու թե որպես կազմակերպություն: Պետք է ընդունենք նրանց թույլ տված սխալները ու, ցավոք, վերանայենք մեր երբեմնի մտերիմների ցանկը, սակայն պահն այնքան ճակատագրական է ազգի, հայրենիքի ու հետևանս դրա սփյուռքի գոյատևման համար, որ ժամանակ չունենք ծախսելու ներքին հարցերի վրա:

Գնաք բարով երբեմնի ընկերներ: Գուցե դուք էլ գտնեք ձեր ճանապարհը ազգին ծառայելու, սակայն ՀՅԴն ինչպես միշտ մնալու է անկոտրուն և կառչած իր սկզբունքներին ու որոշումներին: Մենք դա պարտք ենք մեր անցյալի ընկերներին, ովքեր հանգիստ հող մտան, հույսը մեզ վրա թողնելով, որ կշարունակենք իրենց սուրբ գործը: Պարտք ենք մեր սփյուռքահայ օջախների հիմքը դնող գաղթական ընկերներին, ովքեր հայրենազրկվել էին, բայց հայրենիքն ու գաղափարը վառ պահել իրենց հիմնած ակումբներում, դպրոցներում, միություններում ու այո՛ եկեղեցում անգամ: Պարտք ենք մեր կուսակից ընկերներին, որոնք ընդամենը մի քանի ամիս առաջ հայրենիքում առաջինն էին, որ ճակատ շտապեցին, զոհեր, վիրավորներ, գերիներ տվեցին, ու այսօր ամեն զոհողության գնով պահում են մեր դիրքերը՝ ներկա իշանությունների ազգակործան քայլերի դեմ պայքարում:

Այդ դիրքերը մենք կոչված ենք պաշտպանելու ամբողջական, կուսակցական կառույցով, մարմիններով, անհատ առ անհատ ընկերներով:

Եկե՛ք արժանի լինենք մեր ընկերներին:

Մ.Ա.

Լոս Անջելես
12.03. 2021

Share