ԵՊՀ-ում տեղի ունեցավ Վաչե Բրուտյանի «Երկիրը Արտերկրէն» նոր գրքի շնորհանդեսը

ԵՊՀ-ում տեղի ունեցավ Վաչե Բրուտյանի «Երկիրը Արտերկրէն» նոր գրքի շնորհանդեսը

Հունիսի 22-ին ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետի դահլիճում տեղի ունեցավ սփյուռքահայ (ամերիկաբնակ) հասարակական-քաղաքական գործիչ, ՀՅ Դաշնակցության նվիրյալ անդամ, ճանաչված մտավորական Վաչե Բրուտյանի նոր գրքի՝ «Երկիրը Արտերկրէն» խորագրով հոդվածների ժողովածուի շնորհանդեսը:

Այս գիրքը շատերի համար ուղենիշ կլինի։ Նրա հոդվածների առանցքը եղել է հայրենիքը, սեւեռակետը՝ Հայաստանը, բոլոր հոդվածներում ներկա է Հայաստանն իր բոլոր վայրիվերումներով, ձեռքբերումներով, բացթողումներով։ Վաչե Բրուտյանն այն քիչ գրողներից է, որն ինչպես ապրել է, այնպես գրել է․ շնորհանդեսի ժամանակ ասաց «Համազգայինի» երևանյան գրասենյակի տնօրեն Ռուզան Առաքելյանը։

«Շատ-շատերը գրում են տպավորություն թողնելու համար, բայց իրենց կյանքը ճիշտ հակադրություն է իրենց գրածի ու ասածի միջեւ։ Վաչե Բրուտյանը այդ հազվադեպ մտավորականներից է, որ երբեք չեք լսի նրանից մի խոսք, որը իր ապրած կյանքի նման չլինի։ Իր հոդվածները մեզ ասում են, որ իշխանավորներն ու իշխանություններն անցողիկ են, հայրենիքն է մնայուն»,-նշեց նա։

«Համազգայինի» խորհրդի անդամ, «Դրօշակի» խմբագիր Արտաշես Շահբազյանն էլ նշեց, որ Վաչե Բրուտյանը, լինելով Հայաստանից հեռու, ապրում է Հայաստանով։

«Ընկեր Վաչեն Ամերիկայից օվկիանոսը կտրել-անցել, եկել է Հայաստան՝ գիրքն այստեղ տպագրելու համար։ Սա պարզ ցանկության արդյունք չէ․ գիրքը հենց Հայաստանի մասին է։ Այստեղ նրա մոտավորապես 20 տարվա քաղաքական, գաղափարական մտքի արգասիքն է»,-ասաց Արտաշես Շահբազյանը։

«Գանձասարի» նախկին խմբագիր Մարի Մերդխանյանի խոսքով՝ այս ժողովածուն ժամանակագրություն է, մեր վերջին տարիների պատմության օրագիրը։

«Ինքնատիպ ժամանակագրություն է, որովհետեւ արծարծված բազմաթիվ նյութերը ներկայացված են հատուկ դիտանկյունից՝ գաղափարական բովով անցած եւ այդ գաղափարներով լավ կոփված, դաշնակցական հայի աչքերով»,- ելույթում ասաց Մարի Մերդխանյանը։

Դեռ ուսանող տարիներից սկսելով ուսուցչական գործունեությունը` 1977թ. մաս է կազմում ՀՅԴ Բյուրոյի մամլո դիվանին։ Իր՝ օրաթերթային մամուլի առաջին հոդվածը հրատարակում է «Ազդակում», և իր տարիների բեղուն գրիչը նրան հասցնում է Բոստոն` «Հայրենիք», ապա՝ Լոս Անջելես` «Ասպարեզ» օրաթերթերի խմբագրատուն՝ խմբագրի պատասխանատու առաքելությամբ։ Վաչե Բրուտյանը ինչպես խոստովանում է իր կենսագրականում՝ «գտած էի տարերքս ու սէրս՝ մամուլը»։ Իսկ ես կավելացնեմ, որ մամուլն էլ գտել է նրան` հրապարակախոսական բացառիկ հմտություններով, սուր աչքով, տաղանդավոր ու դիպուկ գրչով Վաչե Բրուտյանին․ հայտարարեց ԵՊՀ արեւելագիտության ֆակուլտետի դասախոս, թուրքագետ Լուսինե Սահակյանը։

Նա նշեց, որ թեեւ վերնագրված է «Երկիրը Արտերկրէն», իրականում, այն ընթերցելիս ակնհայտ է դառնում, որ հեղինակը, ապրելով արտերկրում, երբեք բաց չի թողնում հայրենիքի զարկերակը և ճիշտ ժամանակին արձագանքում է հրատապ խնդիրներին։

Շնորհանդեսի ժամանակ ժողովածուի հեղինակն ասաց, որ հարազատներն ու ընկերներն են ստիպել մտքերը հանձնել թղթին։

«Կինս, քույրս եւ շատ ուրիշներ ստիպեցին ինձ, որ այսքան բան գրել ես, ինչո՞ւ գրքում չես հավաքում։ Այնքան ասացին, մինչև այսօր իրականություն դարձավ։ Գիրքը ձոն է մեր նահատակներին։ Ես մամուլ մուտք եմ գործել 1977 թվականին։ Մաս կազմեցի Դաշնակցության մամլո դիվանին։ Այնտեղ ես կազմավորվեցի, այնտեղ լեզուս գտա, որ ինչ լեզվով խոսեմ ընկերներիս, ընթերցողներիս հետ, եւ այդտեղ ինձ օգնեց մամլո դիվանում աշխատող ընկերս»․ ասաց «Երկիրը Արտերկրէն» ժողովածուի հեղինակ, ամերիկաբնակ հասարակական-քաղաքական գործիչ, ՀՅ Դաշնակցության անդամ Վաչե Բրուտյան։

Հեղինակը նշեց, որ այն հանձնում է ընթերցողների դատին եւ պատրաստ է կարծիքներ ու քննադատություններ լսել։ Վաչե Բրուտյանը նշեց՝ գործը չի ավարտվել․ շատ ասելիք, գրելիք ու խոսելիք ունի։

Share

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *