«Հայաստան» դաշինքը քվեարկության արդյունքներն անվավեր ճանաչելու պահանջով 5-օրյա ժամկետում կդիմի ՍԴ․ Արամ Վարդևանյան

«Հայաստան» դաշինքը քվեարկության արդյունքներն անվավեր ճանաչելու պահանջով 5-օրյա ժամկետում կդիմի ՍԴ․ Արամ Վարդևանյան

ԱԺ արտահերթ ընտրությունների քարոզարշավի ընթացքում ատելության խոսքի ահռելի ծավալ է տարածվել: Ատելության խոսքը պարզապես բառ չէ, եթե հնչում է նաև իշխանական դիրքից հանդես եկող ուժի կողմից, որը մշտապես, բոլոր հավաքների ժամանակ շրջապատված է երևի հազարավոր ոստիկաններով: Պատկերացրեք՝ խոսքեր են հնչում, որ, օրինակ՝ համայնքների ղեկավարների գլուխները ջարդելու են, փռելու են ասֆալտին, վենդետա են անելու։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց «Հայաստան» դաշինքի կենտրոնական շտաբի պաշտոնական ներկայացուցիչ Արամ Վարդևանյանը՝ անդրադառնալով դաշինքի՝ ԱԺ արտահերթ ընտրություններից հետո ԿԸՀ-ին ներկայացրած դիմումին, որով պահանջում են անվավեր ճանաչել ԱԺ արտահերթ ընտրությունների քվեարկության արդյունքները:

Նրա խոսքով՝ եղել են համակարգված խախտումներ: «Եթե դիտարկում ենք անձնագրերի, զինվորների, շրջիկ մեխանիզմի հնարավորության  խնդիրները, գործ ենք ունենում 200 հազարից ավելի քվեի հետ. դա ընտրությունների ելքն ամբողջությամբ փոխող թիվ է: Այս հանգամանքներն ամբողջությամբ ներկայացվելու են ՍԴ»,-ասաց նա՝ նշելով, թե պատրաստվում են ՍԴ-ին ուղղված դիմումը ներկայացնել հնարավորինս սեղմ ժամկետներում, համաձայն օրենքի՝ այսօրվա արդյունքների ամփոփումից հետո 5-օրյա ժամկետում:

«ՍԴ-ում 3 որոշում կարող է ընդունվել՝ քվեարկության արդյունքներն  անվավեր ճանաչել, արդյունքներն  անվավեր ճանաչել և նշանակել ընտրությունների 2-րդ փուլ, արդյունքներն  անվավեր ճանաչել և սահմանել մանդատների բաշխման նոր կարգ»,-նշեց նա:

Share