Այս իշխանությունը ձեռքերը լվացել է Արցախից

Այս իշխանությունը ձեռքերը լվացել է Արցախից

hraparak.am-ի հարցազրույցը ՀՀ ԱԺ փոխնախագահ, ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանի հետ

– Երեւանն ու Բաքուն ինչ-որ ազդակներ են փոխանակում, Ձեզ հայտնի՞ է, թե ինչի մասին է խոսքը, թե՞ դարձյալ «ինչ որ պետք է, բանակցում են»։

– Ընդհանրապես, այս իշխանության վարքագիծը շարունակում է մնալ անհասկանալի։ Երբ որ ադրբեջանական զինված ուժերը փակել էին դեպի Գորիս-Կապան տանող ճանապարհը, էդ ֆոնին կառավարության դե ֆակտո ղեկավարն ասում է, որ Թուրքիայից դրական ազդակներ է ստանում։ Հետեւաբար, այս վարքագիծը մեկնաբանելը պրոբլեմ է, որովհետեւ իրենց նվաճողական քայլերի մեր ընկալումը «դրական ազդակներն են»։ Իսկ եթե տակից ինչ-որ հերթական անգամ Թուրքիայի հետ գաղտնի բանակցությունների մեջ են, պետք է հասկանանք՝ ինչ պայմաններում, եւ արդյոք Թուրքիան պնդո՞ւմ է իր հայտարարած նախապայմանները։ Եվ, առհասարակ, ո՞րն է այս իշխանության դիրքորոշումն այդ հարցում։

– Քանի որ այդ նախապայմաններն արցախյան խնդրի կարգավորմանն էին վերաբերում, Էրդողանը հայտարարում է, որ դրանք այլեւս չկան, արցախյան հարցը, ըստ իրենց, լուծված է։ Հետեւաբար, խոսքը ցեղասպանության ճանաչման միջազգային գործընթացից հրաժարվելու մասին կարող է լինել։

– Ես պետք է Էրդողանին, Ալիեւին եւ, ցավոք սրտի, երբեմն Փաշինյանին հիշեցնեմ, որ արցախյան հարցը լուծված չէ։ Եվ եթե որեւէ մեկի մտքով անցնում է, որ կարող է համարել Արցախի հարցը լուծված, ու էս իրավիճակում մենք հրաժարվենք Արցախից, սխալվում են։ Իսկ ինչ վերաբերում է ցեղասպանության միջազգային ճանաչումից հրաժարվելուն, ապա եթե Հայաստանի իշխանությունները գնան այդ ճանապարհով, դա կնշանակի հերթական անգամ հրաժարվել մեր ժողովրդի ու պետության շահերից։ Հայ հեղափոխական դաշնակցության տեսակետն այդ հարցում ակնհայտ է։

– Իսկ Դուք, «Հայաստան» դաշինքն այս հարցով կառավարությանն ինչ-որ հարցումներ արե՞լ է կամ նման մտադրություն ունի՞, որպեսզի մանրամասնեն, թե ինչի մասին է խոսքը։

– Չենք արել։ Իհարկե, մենք չենք կարող անտարբեր լինել եւ առիթի դեպքում կփորձենք հասկանալ։

– Պարոն Սաղաթելյան, ձեր համախոհները սկսել են ձեզ քննադատել, որ գնում եք այնտեղ ոչ թե աշխատելու, այլ էպատաժի համար՝ շիշ նետել, ձեռնամարտ եւ այլն, փոխանակ երկրի առջեւ ծառացած խնդիրները լուծեք։ Արդարացված համարո՞ւմ եք նման մեղադրանքները։

– Մենք խորհրդարան մտնելու առաջին իսկ վայրկյանից մինչեւ հիմա պայքարի մեջ ենք։ Մենք չենք հրաժարվում մեր օրակարգից, մեր ծրագրերից, մեր նախկին ասածներից, եւ այդ խորհրդարանը մեզ համար իշխանության դիմակը պատռելու հնարավորություն է։ Մենք գնում ենք էդ ճանապարհով։ Իշխանությունը հաճախակի սադրում է, դիմում խուլիգանական քայլերի եւ այդ դեպքերում ստանում պատասխան։

– Այնուամենայնիվ, երկիրը ծանր վիճակում է, եւ միայն դիմակ պատռելով չէ՝ շատերն էլ այսպես են կարծում։

– Չէ, եթե այդ քննադատողները նայեն, կտեսնեն, որ այդ ընդհարումները տեղի են ունենում այն ժամանակ, երբ մենք խորքային եւ բովանդակային քննադատում ենք էս իշխանությանը, ներկայացնում ենք, թե ինչ հանցանքներ են կատարում մեր պետության դեմ։ Նրանք, ովքեր ասում են՝ բովանդակություն չկա ընդդիմության քննադատության մեջ, հավանաբար, առաջնորդվում են վերնագրերով, որովհետեւ կարդալու դեպքում կտեսնեն, որ ե՛ւ Արցախի հարցում, ե՛ւ տնտեսության, ե՛ւ բանակի հետ կապված՝ մենք շատ հիմնավոր մոտեցումներ բովանդակային առումով ցույց ենք տվել։

– Առաջին անգամ Հայաստանից բարձր մակարդակով որեւէ մեկը ներկա չեղավ Արցախի անկախության տոնին։

– Այս հարցադրումով ամեն ինչ ասված է։ Սա այն է, ինչ մենք ամեն օր ասում ենք՝ որ այս իշխանությունը ձեռքերը լվացել է Արցախից։

Անուշ Դաշտենց

Share