ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հայը պետք է հարատև վրեժի տրամաբանությամբ շարժվի, և մենք պատրաստ ենք առաջնորդելու երիտասարդությանը․ Արշակ Մեսրոբյան

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հայը պետք է հարատև վրեժի տրամաբանությամբ շարժվի, և մենք պատրաստ ենք առաջնորդելու երիտասարդությանը․ Արշակ Մեսրոբյան

Ներքին դավաճաններին ու արտաքին թշնամուն պատժելու՝ «Նեմեսիս» գործողության կնքահայր Շահան Նաթալիի «հարատև վրեժի» պատգամի հետ Դաշնակցությունը մի քանի այլ արտահայտություններ էլ ունի՝ «հարատև պայքար», «հարատև կռիվ», և հայ ազգը՝ համազգային մակարդակով, այսօր պետք է հենց այդ տրամաբանությամբ շարժվի առաջ՝ Yerkir.am-ի հետ հարցազրույցում համոզմունք հայտնեց  ՀՅԴ Բյուրոյի երիտասարդական գրասենյակի պատասխանատու Արշակ Մեսրոբյանը։

«Հարատև վրեժի տրամաբանությամբ պետք է առաջ շարժվել, եթե ուզում ենք իսկապես հանգուցալուծման հասնել՝ Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության դեմ ծառացած բոլոր մարտահրավերները չեզոքացնելով։ Այդ տրամաբանությամբ էլ այսօր առաջնորդվում է ՀՅԴ երիտասարդականի համաշխարհային ընտանիքը, որը վերջերս մեկնարկեց Համահայկական երիտասարդական Դիմադրության շարժումը աշխարհով մեկ, և մենք արդեն իսկ անցել ենք գործողությունների իրականացման»,-ասաց նա։

Բացի երկարաժամկետ պլանավորումից լինելու են նաև կտրուկ գործողություններ հայրենիքում և Սփյուռքի գաղթօջախներում։

«Թույլ տվեք չմանրամասնեմ, թե ինչ նկատի ունեմ՝ ասելով «կտրուկ գործողություններ», բայց մենք ունենք մշակված դիմադրության համապարփակ ծրագիր, որն արդեն իսկ իրագործման փուլում է գտնվում։ Դա փուլ առ փուլ է և էսկալացիոն միտում ունի, և հասնելու է իր պիկին»,-նշեց Արշակ Մեսրոբյանը։

Կտրուկ գործողությունների պլանին և դիմադրության այլ գործողություններին կարող են միանալ նաև բոլոր այն երիտասարդները, որոնք թեկուզ դաշնակցական չեն, բայց սրտացավ են երկրի վիճակով։ Սա արվում է թե՛ անհատ երիտասարդների ներգրավելով, թե՛ այլ կազմակերպությունների երիտթևի անդամների հետ համագործակցությամբ։ Անհատ երիտասարդը ընդամենը պետք է դիմի իր տարածքի ՀՅԴ երիտասարդական կառույցին՝ թե՛ Հայաստանում, թե՛ Սփյուռքում։

«Արդեն մենք իր հետ կապի մեջ կլինենք, և հենց հաջորդ քայլերը ձեռնարկենք՝ իրեն էլ նախապես տեղյակ կպահենք։ Ինքն էլ կարող է այս ամբողջ ընթացքում հետևել սոցիալական հարթակներում մեր պաշտոնական էջերին և ունենալ համապատասխան տեղեկատվություն»,-ասաց ՀՅԴ Բյուրոյի երիտասարդական գրասենյակի պատասխանատուն։

Արշակ Մեսրոբյանը հիշեցրեց, որ Դիմադրության շարժումը մեկնարկելու համար ՀՅԴ Բյուրոյի երիտասարդական գրասենյակը հանդես եկավ հայտարարությամբ՝ զորաշարժի ենթարկելով բոլոր երիտասարդական, ուսանողական միություններին աշխարհով մեկ, և այդ հայտարարության մեջ տեղ էին գտել արդեն Համահայկական երիտասարդական Դիմադրության շարժման պայքարի հիմնական ուղղությունները։

«Հիմնական ուղղությունները հետևյալն են․ առաջինը՝ պետք է պայքարենք թուրք-ադրբեջանական հայատյաց քաղաքականության՝ ագրեսիայի դեմ, երկրորդը ներքին բնույթ ունի՝ այսօրվա իշխանությունների դեմ պայքարն է, քանի որ իշխանությունը դարձել է սպառնալիք հայկական զույգ հանրապետությունների վերջնական կործանման իմաստով, այնպես որ, այդ վտանգն էլ մենք պետք է չեզոքացնենք, երրորդը ուղղությունը՝ մենք պետք է գերտերություններին հստակ պատգամ փոխանցենք, որ իրենք իրենց ծրագրերը չեն կարող իրականացնել Հայաստանի և հայության ազգային-պետական շահերի հաշվին, մենք ունենք միջոցներ դա փոխանցելու, չորրորդ ուղղությունն արդեն ներազգային համախմբմանն է վերաբերում, մենք՝ Դաշնակցության համազգային ընտանիքը, պետք է կարողանա հայ երիտասարդությանը համախմբել դիմադրության շարժման շուրջ, և արդեն իսկ դրա աշխատանքները ընթանում են»,-ասաց Արշակ Մեսրոբյանը։

Մարտունակ բանակ ունենալու համար, նրա համոզմամբ, Նիկոլ Փաշինյանը և իր թիմը պետք է գնան, որովհետև նրանք են երկրի վերակազմավորման հիմնական խոչընդոտը, առհասարակ, պետականության հիմնասյուները վերականգնելու իմաստով։

«Ժողովուրդը պետք է գիտակցի, որ դիմադրության հիմնական աղբյուրը հենց մեր հասարակությունն է, քանի որ պարտված և կառավարելի լիդերը ձեռնտու է բոլորին՝ թե՛ թշնամուն, թե՛ գերտերություններին, և միայն հայ ժողովրդին ձեռնտու չէ։ Իշխանություններն իրենց զիջումներն այնպես են բեմադրում, կարծես ուրիշ տարբերակ չկար, քան զիջելը, բայց այդպես չէ, ո՛չ, սա մեր իշխանավորների քաղաքականությունն է պարզապես»,-համոզված է Արշակ Մեսրոբյանը։

Դիմադրության շարժման շրջանակներում՝ նա իրենց մասով վստահեցրեց, որ Դաշնակցության երիտասարդականի համաշխարհային ընտանիքը որդեգրել է մի սկզբունք՝ այս շարժման ամբողջ ընթացքում պիտի դրսևորի առավելագույն հանդգնություն, և այդպես ի վերջո պետք է հասնի իր նպատակին։

«Մենք պատրաստ ենք առաջնորդելու հայ երիտասարդությանը, որ հասնենք մեր նպատակին, մենք մեր բեռը, այդ պատասխանատվությունը վերցնում ենք մեզ վրա»,-ասաց Արշակ Մեսրոբյանը։

Իսկ հայ երիտասարդությունն ընդհանրապես, նրա համոզմամբ, պետք է զգա, որ այսօր ինքն է, որ պետք է հայրենիքի ճակատագիրը վերցնի իր ուսերին։

Աննա Բալյան

Ամբողջական հարցազրույցը՝ տեսանյութով․

Share