ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հայրենիք ունենալը մեկ հանգամանք է, պահելը՝ այլ հանգամանք․ Տարոն Տեր-Խաչատուրյան

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հայրենիք ունենալը մեկ հանգամանք է, պահելը՝ այլ հանգամանք․ Տարոն Տեր-Խաչատուրյան

Հայրենիք ունենալը մեկ հանգամանք է, պահելը՝ այլ հանգամանք՝ Yerkir.am-ի հետ հարցազրույցում ասաց ՀՅԴ Արևմտյան Ամերիկայի կենտրոնական կոմիտեի ներկայացուցիչ Տարոն Տեր-Խաչատուրյանը, որը Հայաստանում է՝ մասնակցելու ՀՅԴ 34-րդ Ընդհանուր ժողովին, որը կմեկնարկի վաղը և կընթանա մինչև մարտի 8-ը։

Խոսելով մեր աչքի առջև փոփոխվող աշխարհի քարտեզների մասին, որից անմասն չի մնում նաև Հայաստանը, նա ասաց, որ եթե այս դժվար հանգրվանին չկարողանանք Սյունիքը պաշտպանել, Արցախը ամուր պահել, մեր սահմանները պաշտպանել, շատ վտանգներ կնշմարվեն մեր հորիզոնի վրա։

«Այս իմաստով, հայությունը ամրակուռ կերպով՝ իր Սփյուռքով, Արցախով, Հայաստանով, աշխատելու է, որպեսզի կարողանանք այս ճգնաժամից դուրս գալ»,-ասաց Տարոն Տեր-Խաչատուրյանը։

Ուկրաինային շուրջ իրավիճակին անդրադառնալով՝ նա ասաց, որ 1989թ-ի դրությամբ, երբ Սովետական Միությունը փլուզումի գնաց «Վերակառուցում»-ով, կարծես աշխարհը թեքվեց դեպի լիբերալ արևմտամետ մոտեցում, իսկ ՆԱՏՕ-ն փորձեց իր ճիրանները հասցնել մինչև նախկին Սովետական Միության՝ Ռուսաստանի սահմանները, բնականաբար, սա ստեղծեց հավասարակշռության խախտում և այսօր տեսնում ենք սրա հակադարձությունը։

«Միշտ կան այսպիսի մակընթացություններ և տեղատվություններ, հավանաբար ներկայում այնպիսի տեղում ենք, որ այդ աշխարհաքաղաքական ուժերի համադրումով նոր կացություն է ստեղծվելու, որ Ամերիկայի կողմից առաջացրած կացությունը Իրաքի պատերազմով, Աֆղանստանի կացությամբ, Սիրիայի տվյալներով և այլն, փոխվելու ընթացքի մեջ է։ Ամերիկայի ակնոցով դիտելով՝ ասում են, որ նրանք ուզում են հիմնականում կենտրոնանալ Ռուսաստանի և Չինաստանի վրա, և այդ ընթացքն է, որ ճամփա ելած է»,-ասաց Տարոն Տեր-Խաչատուրյանը։  

Ամերիկահայ համայնքը աշխատում է ԱՄՆ կառավարության հետ այս վիճակը ի նպաստ հայության օգտագործելու համար։

«Մեզ համար հայրենիքը միայն Հայաստանը չէ, մեզ համար հայրենքը միայն Արցախը չէ, մենք ունենք տակավին, ոչ թե ռոմանտիկ ձևով, երազ Արևմտյան Հայաստանի մեր իրավունքների վերատիրանալու։ Այս բոլոր քաղաքական իրավունքներով շիտակ ղեկավարումով մենք կարող ենք շատ ավելի բարվոք տեղում գտնվել առանց վտանգելու մեր ձեռքում եղածն անգամ»,-ասաց նա։

Հայաստանի ներքաղաքական զարգացումներին հետևելով՝ Տարոն Տեր-Խաչատուրյանը համոզվել է, որ այն քաղաքականությունը, որ վարչապետ Փաշինյանը տանում է վերջին տարիներին և հատկապես Թուրքիայի հետ հարաբերություններում, բարեբեր չի թվում։ Նա մեջբերեց ուկրաինացի մի հերոսի խոսքը 1940-ական թթ-ից՝ երբ հացը նախապատվություն է ստանում ազատության հանդեպ, արդյունքում թե՛ հացն ես կորցնում, թե՛ ազատությունը։

Աննա Բալյան

Ամբողջական հարցազրույցը՝ տեսանյութով․

Share

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *