Արցախը միշտ եղել է և կը մնայ հայոց հայրենիքի անբաժանելի մասը

Արցախը միշտ եղել է և կը մնայ հայոց հայրենիքի անբաժանելի մասը

«Արցախի ժողովրդի ինքնորոշման» նախընտրական ծրագրային յայտարարութիւններով քուէարկողների քուէն ստացած ՔՊական վարչակազմն ու Նիկոլ Փաշինեանը բազմիցս ապացուցել են, որ բնաւ հետաքրքրուած չեն Արցախի ժողովրդի գոյութեամբ և պատրաստ են Հայաստանի և Արցախի տարածքների ու հայ ժողովրդի զաւակների կեանքի հաշուին տիրանալ և պահպանել իշխանութիւնը:

Նիկոլ Փաշինեանի Մայիս 22ի յայտարարութիւնը Արցախը Ադրբէյջանի կազմում ընդունելու կապակցութեամբ միմիայն մի այլ և վերջնական բացայայտ դրսևորումն էր այն ազգակործան քաղաքականութեան որի մասին երկար ժամանակ է զգուշացնում են ընդդիմութիւնն ու յատկապէս Հայ Յեղափոխական Դաշնակցութիւնը:

Արցախը ոչ միայն իր ժողովրդի ազատ կամքով ընտրել է ինքնորոշման և խաղաղ համակեցութեամբ ապրելու անօտարելի և արդարացի իրաւունքը, այլ նաև միշտ եղել է և կը մնայ հայոց հայրենիքի անբաժանելի մասը։

Փաշինեանը ոչ օրինական իրաւունք, ոչ ժողովրդական մանդատ և ոչ  սահմանադրական լիազօրութիւնը ունի ժողովրդավար Արցախի ժողովրդի ազատ ապրելու կամքը վաճառելու Ադրբէյջանի ցեղասպան վարչակարգին:

Հայ ժողովուրդը Հայաստանում, Արցախում և սփիւռքում միասնական ջանքերով կասեցնելու է հազարաւոր նահատակների արեամբ և ժողովրդի ազատ կամարտայայտութեամբ հիմնուած Արցախը վաճառող ցանկացած փաստաթուղթ և պատմութեան աղբամանն է նետելու այն:

Հայաստանի ու Արցախի և հայ ժողովրդի ապագան երաշխաւորելու առաջին և անյետաձգելի քայլը այս հակահայ իշխանութիւններից օր առաջ ձերբազատուելն է:

ՀՅԴ Արևմտեան ԱՄՆի Կենտրոնական Կոմիտէ

5/25/2023

Share