ԼԻԶԲՈՆԻ  ԳՈՐԾՈՂՈՒԹԵԱՆ 38 ԱՄԵԱԿԻՆ ՆՈՒԻՐՈՒԱԾ ՅԻՇԱՏԱԿԻ ՈԳԵԿՈՉՄԱՆ ԵՐԵԿՈՅ

ԼԻԶԲՈՆԻ ԳՈՐԾՈՂՈՒԹԵԱՆ 38 ԱՄԵԱԿԻՆ ՆՈՒԻՐՈՒԱԾ ՅԻՇԱՏԱԿԻ ՈԳԵԿՈՉՄԱՆ ԵՐԵԿՈՅ

Ուրբաթ, Յուլիսի 31-ին, Բրբանքի Բեշիր Մարտիրոսեան Երիտասարդական կենտրոնում տեղի ունեցաւ 1983 թ. Յուլիսի 27-ի Լիզբոնի  գործողութեան 38 ամեակին նուիրուած յիշատակի ոգեկոչման միջոցառում:

Ձեռնակին ներկայ էին աւելի քան 180 հանդիսատեսներ, Հիւսիսային Ամերիկայի Արեւմտեան Թեմի Առաջնորդ՝ Գերշ. Տ. Թորգոմ Ս. Եպս. Տօնոյեանը, ՀՅԴ Արևմտեան Ամերիկայի Կեդրոնական Կոմիտէի անդամներ, ընկերներ և համակիրներ:

Բրբանքի Երիտասարդական կենտրոնի սրահում զետեղուած էին Լիզբոնի հինգ մարտիկների մեծադիր նկարները, որոնց առջև խնկարկում էին կատարում սրահ մուտք գործողները:

Ձեռնարկի պաշտօնական բաժինը սկսուեց ժամը 7:30-ին: Սկզբում ներկաները յոտնկայս մէկ րոպէ լռութեամբ յարգեցին Լիզբոնի հինգ մարտիկների և Հայաստանի անկախութեան սուրբ ճանապարհին զոհուած մեր բոլոր հերոսների յիշատակը: Այնուհետև հնչեց Հայաստանի Հնարապետութեան օրհներգ՝ Մեր Հայրենիքը:

Լիզբոնի նահատակների հոգու խաղաղութեան համար աղօթքով և պատգամով ելոյթ ունեցաւՀիւսիսային Ամերիկայի Արեւմտեան Թեմի Առաջնորդ՝ Գերշ. Տ. Թորգոմ Ս. Եպս. Տօնոյեանը և նշեց թէ Լիզբոնի հնգեակի սխրագործութիւնը ամենավեհ զոհաբերութեան մարմնացում էր, որը նոր շունչ ու ոգի ներարկեց մեզ:

Ցուցադրուեց օրուայ առիթով պատրաստուած  տեսաերիզը, որը պատմում էր Լիզբոնի հերոսական գործողութեան դրուագների, ողջակիզուած հերոսների կեանքի, անհատականութեան, գաղափարների ու թողած պատգամների մասին: Տեսաերիզը նաև յիշատակում էր այն մասին թէ ինչպիսի հսկայ ազդեցութիւն ունեցաւ Լիզբոնի գործողութիւնը Հայոց Ցեղասպանութեան համաշխարհային ճանաչման,  հայ թէ օտար մամուլի անդրադարձի և զանազան անձանց ու սերունդների հոգիներում թողած ազդեցութեան մասին: Այնուհետև անդրադարձ եղաւ թէ ինչպէս Լիզբոնի հերոսների գաղափարներով տոգորուած Արցախեան առաջին պատերազմի ազատամարտիկները կեանքի և մահուան կռիւ տալով ազատագրեցին Արցախ աշխարհը և թէ ինչպես 2020 թուականի աշնանը նոյն ոգով պատերազմի  ճակատ մեկնեցին նոյն գաղափարի կրողները, միշտ պատրաստ նոյն գերագոյն զոհաբերումին: Պատկերներ ցուցադրուեցին ՀՅԴ կամաւորական ջոկատներից և մեր նահատակուած ընկերների փաղանգից:

Օրուայ գլխաւոր բանախօս՝ ՀՅԴ ԱրԵմտեան Ամերիկայի Կեդրոնական Կոմիտէի ներկայացուցիչ ընկեր Տարոն Տէր Խաչատրեանը իր խօսքերի մէջ կենտրոնացաւ Լիցբոնի հինգ հերոսների մնայուն և մշտավառ յիշատակի մասին որը խարիսխ ու կողմացոյց է հանդիսացել յեղափոխական երիտասարդութեան համար անցնող գրեթէ չորս տասնամեակների ընթացքում: Նա զուգահեռներ գծեց հայրենիքի ներկայ պայմանների, նրա կարիքների, մեր ազգային սևեռակէտի և հեռանկարների ու  հինգ մարտիկների այնքան երազած ու փափագած ազատ, անկախ ու միացեալ Հայաստանի գաղափարի միջև:

Ապա ցուցադրուեցին մի քանի տեսաերիզներ, որտեղ մեր երիտասարդ ընկերներն ու ընկերուհիները ներկայացնում էին թէ Լիզբոն հինգի  սխրագործութիւնը ինչպիսի՞ ազդեցութիւն է ունեցել իրենց ազգային-յեղափոխական նկարագրի ձևաւորման մէջ:

Խօսք առաւ նաև հիւրաբար շրջանս գտնուող ՀՅԴ Հիւսիսային Իրանի Կեդրոնական Կոմիտէի ներկայացուցիչ՝ ընկեր Սևան Դանիէլեանը  իր պատգամը փոխանցելով ներկաներին:

Ձեռնարկի հոգեպարար բաժիններից մէկն էր նաև Լիզբոնի հինգ մարտիկներից Սիմոն Եահինեանի եղբօր՝ Զարեհ Եահինեանի պատգամը, որը նա ընդառաջելով ձեռնարկի կազմակերպիչ յանձնախմբի խնդրանքին ուղարկել էր Հայաստանի Գիւմրի քաղաքից ուր ապրում է ընտանեօք վերջին 18 տարիների ընթացքին: Ընկեր Զարեհ Եահինեանը իր հակիրճ ու իմաստալից պատգամով մտորումների նոր առիթ ընծայեց հանդիսատեսներին յայտարարելով թէ  ինքն իր մասնակցութիւնն է բերում Լիսբոն 5-ի յիշատակի ոգեկոչման այս ձեռնարկին յուսալով որ Լիզբոն հինգի երազած Հայաստանը համայն հայ ազգի ջանքերով, ուժերի լարումով և հաւատքով իրականութիւն պէտք է դառնայ:

«Տուն իմ հայրենի» և «Ձայն մը հնչեց» երգերի կատարումով ելոյթ ունեցաւ սիրուած երգչուհի և ազգային-ժողովրդական երգերի անզուգական մեկնաբան՝ տիկին Սալբի Մայիլեանը:

Ձեռնարկի աւարտին ներկաները յոտնկայս երգեցին «Արիւնոտ դրօշ» երգը:

Մէջբերումներ օրուայ խօսքերից՝

ՀՅԴ ԱրԵմտեան Ամերիկայի Կեդրոնական Կոմիտէի ներկայացուցիչ ընկեր Տարոն Տէր Խաչատրեանը իր խօսքը՝

Սիրելի ներկաներ, ընկերուհիներ, ընկերներ,

Յուլիս 27, 1983-ի Լիզպոնի թրքական դեսպանատան գործողութեամբ, Լիզպոնի 5-ը կու գար ցայտուն կերպով հաստատելու որ Հայոց Ցեղասպանութենէն 68 տարիներ ետք Արեւմտահայաստանէն Լիբանան ճողոպրած որբերու թոռները չէին մոռցած իրենց հայու արմատները, անոնք տեղի չէին տուած իրենց ազգային իրաւունքներէն, ու աւելի՛ն անոնք պահանջատէր կը մնային հայ ազգին հանդէպ Մեծ Եղեռնով կատարուած անարդարութեան և ոճիրին դէմ հանդիման:

Կարծէք Պանք Օթոմանի, Սարդարապատի, ու Նեմէսիսի ոգին և կորովն էր որ առաջնորդած էր անոնց մտայղացքը, անոնց ծրագրումը, անոնց գործադրումը և ապա անոնց ողջակէզ զոհաբերումը: Կարծէք ելք ու ճար չմնալով «խենթեր»ը, սուրբ խենթերը, հնար գտնելու ելած էին:

Անոնց պատգամը բնականաբար ցեղասպան Թուրքիոյ ուղղուած էր, բայց նաե՛ւ կը միտէր Եւրոպայի և համայն աշխարհի հայոց արդարացի դատին հանդէպ անտարբերութեան պատը քանդել և հայութեան հանդէպ կիրարկուած անարդարութեան մասին նպաստաւոր հանրային կարծիք ձեւաւորել, կամ ինքնի՛ն ստեղծել: Լիզպոնի 5-ը արգասիքն է սփիւռքահայ երիտասարդութեան մեր քաղաքական և յեղափոխական ակունքներու վերադարձին:

Սեդրակն ու Սագոն, Արան, Վաչէն ու Սիմոնը, ծնելով Լիբանան, ճաշակելով Թուրքիոյ եաթաղանին պատճառած հայասպանութեան ամէն տեսակի դժուարութիւն’ սփիւռքի գաղթօճախներէն ներս, աւելի՛ն ի տես Հայաստանի Խորհրդային կարգերու լաւագոյն պարագային հայկական հարցին հանդէպ երկչոտ քայլերուն, և աւելի՛ ն զարնուելով Հայ Դատի առջեւ հիւսուած գրեթէ անանցանելի պատին, որոշած էին իրենց ողջակիզումովն իսկ աշխարհի հայեացքը գէթ ժամանակաւորապէս կեդրոնացնել արեւմտահայութեան ճաշակած ցմրուր իրականութեան վրայ: Եւ անոնք յաջողեցա՛ն:

Լիզպոնի գործողութիւնը ունեցաւ իր պատգամը արտաքին աշխարհին մէջ, ինչպէս նաեւ ներքնապէս հայութեան համար: Յետ-լիզպոնեան միջազգայնօրէն ցեղասպանութեան ճանաչման ընթացքը ինքնին ապացոյց մըն է Հայ Դատի հետապնդման տեղեկատուական, քաղաքական, պետական և այլ աշխատանքներու արդիւնաւորման շառավիղին վրայ: Եւ հո՛ս անկասկած որ Լիզպոնը դերակատար էր: Վկա՛յ 1987-ի Սթրազպուրկի Եւրոպական Խորհրդարանի պաշտօնական ու միանշանակ ճանաչումը Հայոց Ցեղասպանութեան: Պարզապէս նշելու համար օրինակ մը:

Բացայայտ է նաեւ որ Լիզպոնի արձագանգը և անոնց յեղափոխական աւանդներու վերադարձի վարքագիծը ցնցեց հայ երիտասարդութիւնը ամենուրէք: Տղոց յախուռն ակտը բնականէն անդին անցնելով կ’արթնցնէր հայ երիտասարդին մօտ ազգային արժանապատուութիւնը, կը յորդորէր անոր իրաւատէր ըլլալ իր անժամանցելի դատին, և անոր կը յուշէր իր արմատները Մուշէն մինչեւ Վան, մինչեւ Էրզրում ու Կիլիկիա: Ազատատենչ ու պահանջատէր հայ երիտասարդութիւնը կը մերժէր անարդարութիւնը և կը հետապնդէր իր ազգի իրաւունքները:

Աւելի՛ն, Լիզպոնի պատգամը կ’որդեգրուէր Խորհրդային Հայաստանէն ներս, ուր ազգին ցաւը ապրող երիտասարդութիւնն ու մտաւորականութիւնը, Յովհաննէս Շիրազի քերթողութեամբ կ’աւետէր «որ չհասած մեր հողերին, ընկան հինգն էլ ի սէր հայոց»: Այսինքն ծնած Պեյրութ, մահացած Լիզպոն, Արարատը չտեսած և հողին յանձնուած դարձեալ Պէյրութ: Ու Շիրազ պիտի աւելցնէր «ի սէր գերուած Արարատի, ի սէր հայոց մայր հողերին’ ընդդէմ հողաց թուրք գողերին»:

Ու այդ պատգամն ու արձագանգը ուռճանալով պիտի հասնէին 80-ական թուականներու աւարտին Ղարաբաղեան շարժումին, 90-ականներու Արցախեան գոյամարտին, և այդտեղ Սեդրակներն ու Վաչէները հոգուով ու մտքով պիտի վերամիանային Պետոյին, Բեկորին ու Մհեր Ջուլհաճեանին: Եւ մնացածին ծանօթ էք 1991-1994 տարեշրջաններու մեր յառաջխաղացքին ու իրաւունքներուն վերատիրացման:

44-օրեայ արհաւիրքային պատերազմէն ետք առաջին անգամն է որ հաւաքուած ենք ոգեկոչելու Լիզպոնի 5-ը: Այդ պատերազմի նախօրէին մենք մեր հայեացքները ուղղած էինք Արեւմտահայաստանին վրայ և դէպի մեր դէմ գործուած ցեղասպանութեան հարցին լուծումը: Այժմ Թուրքիոյ և Ատրպէյճանի սադրանքները կը գտնուին Հայաստանի Հանրապետութեան սահմաններուն վրայ, կապուած Սիւնիքին, Գեղարգունիքին և այլուր: Լիզպոնեան պատգամը շա՛տ յստակ էր: Ազգն ու հայրենիքը միա՛յն մշակոյթ և լեզու չեն: Ազգն ու հայրենիքը լո՛կ քաղաքական դիմագիծ ու դիւանագիտութիւն չեն: Ազգն ու հայրենիքը սոսկ բանակային զինուորներ և ենթակառոյց չեն: Ազգն ու հայրենիքը հող ու տարածք են որոնք նաեւ ժողովուրդ մը կը վերածեն ազգի ու հայրենիքի: Լիզպոնի 5-ին ողջակիզումը այսպիսով կու գար խորհրդանշելու հայոց պատմական իրաւունքներու վերականգնումը և առաջին հերթին նաեւ հայկական հողերու ազատագրումը և անոր աշխարհագրական ամբողջացումը:

Այժմ մեր այս հայաստանեան և յետարցախեան պատերազմի ներկայի անփառունակ օրերուն, Լիզպոնի տղոց պատգամը 38 տարուայ խորքէն կու գայ մեզ սթափեցնելու որ ընկրկելու պահը չէ, այլ ընդհակառակը պահն է վերականգնելու և վերազարթնելու: Լիզպոնի 5-ին նման մեր պայքարը, մեր տեսակը կանգուն պահելու պայքարն է: Մեր պայքարը մեր ազգային իրաւունքներու վերատիրացման պայքարն է: Մեր պայքարը իրենց նման մեր աշխարհագրութիւնը, մեր աշխարհագրական տարածքը իբրեւ մեր ազգի գոյատեւմնան կռուան ու գրաւական’ իբրեւ մե՛րը պահելն է: Մեր պայքարը իրենց նման, հայութեան հանդէպ արդարայատուցման պայքարն է:

Բայց նաե՛ւ մեր ճիտին պարտքն է Լիզպոն հինգի ոգին իբրեւ ներշնջման աղբիւր պահելը թէ հայրենիքին մէջ, թէ սփիւռքի: Մեր գործն է մեր ազգային օրակարգին մարդուժ և միջոցներ ապահովելը, զայն յաջողցնելու համար:

Հայրենիքի այսօրուայ պարզած աղջամուղջային պատկերը բազմաթիւ հարցադրումներու առիթ կու տայ մեզի, որոնք մեզ ազգովին լուրջ իրավիճակներու առջեւ դնելու բոլոր նախադրեալները ունին: Մեր ներկայ իրադրութեան մէջ շիտակ տեսլականը չգոյ կը թուի ըլլալ, առողջ քաղաքական ու դիւանագիտական մօտեցումներու պակասը համատարած կերպով կ’երեւի, և հայրենիքը կարծէք ձգուած ըլլայ քամիին փչած ուղղութեան, այսինքն իր ճակատագրին:

Լիզպոնի տղոց պատկերացումը տարբեր էր, ա՛յս մէկը չէր: Ու մեր պարտքը կը մնայ այդ տեսլականն ու պատկերացումը իրականացնելը:

Թո՛ղ որ վառ մնայ անոնց անմար յիշատակը:

Թո՛ղ որ կանգուն մնայ անոնց դաւանած ազգային գաղափարախօսութիւնը:

Թո՛ղ որ այդ գաղափարախօսութիւնը մեզ շարունակէ առաջնորդել նորօք նուաճելի ազգային բարձունքներու:

Հատուածներ օրուայ խօսնակների արտայայտութիւններից՝

Լիզբոնի հնգեակի սխրագործութեան ազդեցութիւնը սակայն չսահմանափակուեց միայն արտաքին աշխարհով: Նրանք ոգեփոխեցին ու  ներշնչման աղբիւր հանդիսացան նաև ու մանաւանդ հայ հոգիները: Նրանց ժամանակակիցներն ու գալիք սերունդները Սիմոնի, Վաչէի, Սեդրակի, Սարգիսի և Արայի նահատակութեան ճամբով վերամկրտուեցին որպէս հայեր, որպէս յեղափոխականներ, որպէս հայրենիքին նուիրուելու պատրաստակամ սերունդներ: Եւ այդ սերունդներն էին որ ինչպես շուտով կը տեսնէք մեր պատրաստած տեսաերիզում՝ անհաւանական թուացող յաղթանակներով պսակեցին մեր նորօրեայ պատմութիւնը: Նրանք առաջին անգամ հողեր վերադարձնելով ազատագրեցին Արցախ աշխարհը: Իսկ 2020ի աշնան ծագած պատերազմին կրակէ շապիկ հագած նոր հերոսներ պատերազմի դաշտ մեկնեցին պաշտպանելու  հայրենիքի անկախութիւնը և իրենց կեանքով վճարեցին դրա գինը:

Այսօր  38 տարիներ են անցել Լիզբոնի սխրագործութեան օրերից: Շատ մեծ փոփոխութիւնների է ենթարկուել  և՛ սփիւռքը և՛ հայրենիքը: Թշնամիները շարունակում են նոյն ոճով ու աւելի արդի միջոցներով յառաջ մղել իրենց գերնպատակը՝ որն է Հայաստան առանց հայի իրենց վաղեմի երազանքը:

Իսկ հակառակ բոլոր ներքին և արտաքին ջանքերի հայի այս տեսակն դեռ ապրում է և կապրի: Մեր հերոսների երազած հայրենիքը դեռ կերտելու ենք մենք: Դա մեր պարտքն է նրանց:

1994 թւականի գարնանը հայ ազգային ազատագրական պայքարը յաջողութեամբ պսակուեց՝ Լիզբոնի հինգ մարտիկների գաղափարակից և սերնդակից Կրպէյեանների,  Մեղրեանների,  Կարօտների, Դուշման Վարդանների, Աչիքգեոզեանների անպարտ կամքի շնորհիւ։

Նոյնը պատահեց նաև անցեալ տարուայ աշնանը ծայր առած պատերազմի օրերին: 2020 թւականի Սեպտեմբեր 27–ի լայնածաւալ պատերազմը սկսելուն պէս, Լիզբոնեան մարտիկների ոգով դաստիարակուած նոր սերունդը դարձեալ մահապարտ կամաւորների ջահակիրը դարձաւ։ Այլ կերպ չէր էլ կարող լինել։ Հայոց բանակին միացան նաև ՀՅԴ կամաւորական գումարտակները որոնք պատերազմի առաջին իսկ օրը ճակատ մեկնեցին: Նրանք դարձեալ աներևակայելի սխրագործութեամբ ոչ միայն չզիջեցին իրենց յանձնուած դիրքերից ու սահմաններից անգամ մէկ կտոր հայրենի հող, այլ գրաւեցին Վարանգաթաղ (Լուլասազ) կոչուող բարձունքը, որով փրկեցին հարիւրաւոր հայ զինուորների կեանքը:

Հատուածներ Զարեհ Եահինեանի պատգամից՝

 Այսօր մեր սիրելի հայրենիքէն՝ Հայաստանի սրտէն արիւն կը կաթի կաթիլ առ կաթիլ, այսօր մեր սիրելի Արցախը վերակենդանացման բաժինի մէջ կը գտնուի, մէկ խօսքով այսօր մենք կապրինք դժոխային օրեր, շաբաթներ եւ ամիսներ: Իսկ ինչպէս՞ կրնանք այդ վիճակէն դուրս սողոսկիլ, կը մտածենք, կը մտածենք երկար առանց լուծում մը գտնելու:Սսակայն եթէ նայինք ետեւ երբ 38 տարի առաջ Սեդրակը, Վաչէն, Սիմոնը, Արան եւ Սագօն կը զոհէին իրենց կեանքը յանուն մեզ, յանուն այսօրուայ Հայաստանի, յանուն գալիք Հայաստանի մեզ սորուեցնելով անելանելի վիճակներէ դուրս գալու միակ ուղին:

Յարգելի ներկաներ, Պատանիներ, Երիտասարդներ եւ մեծահասակներ

Կուգամ իմ մասնակցութիւնը բերելու ձեր ձեռնարկին նուիրուած Լիզպոնի գործողութեան 38-րդ տարեդարձին, կուգամ Մայր Հայաստանէն տեսաերիզի ճամբով ըլլալու ձեզ հետ: Հայաստան որու համար զոհուեցան այն ժիռ ու կայտառ տղաքը որոնց յիշատակը այժմ դուք կոգեկոչէք:

Այսօր մենք կրնանք դուրս գալ այս խղճուկ, ծիծաղելի, ոչ նախանձելի վիճակէն միայն եւ միայն Լիզպոնի տղոց սխրանքով:

Մեզ հարկաւոր չէ  երթալ իրենց ճամբով զոհաբերութեան, այլ պարզապէս իրենց ժառանգ թողած բազում ժառանգներէն մէկը, գէթ մէ՛կը ընդօրինակելով մենք կրնանք պատուով դուրս գալ այս ճգնաժամէն:

Մեզ պէտք է պարզապէս վեր բարձրանալ մեր անձնական Ես-էն: Իրենք բարձրացան վերեւ իրենց Ես-էն եւ յաջողեցան:

Յարգելի ընկերներ՝, եթէ իսկապէս կուզենք յիշատակել Լիզպոնի տղոց սխրանքը, եթէ իսկապէս կուզենք տէր կանգնիլ մեր երդման ապա ուրեմն մէկ կողմ թողնենք եւ աւազի տակ թաղենք մեր Ես-ը ու գործենք միասին յանուն Ազատ Անկախ եւ միացեալ Հայաստանին, շատ անգամներ ըսուած է կեցցէ այն Հայաստանը որ վաղն է գալու, այդ խօսքերու վրայ շատ վաղուայ օրեր եկան ու անցան բայց այդպէս ալ Հայաստանը ոչ մէկ կեցցէի արժանի չեղաւ, ուրեմն այսօր ժամը հասած է որ ըսենք կեցցէ այն Հայաստանը որը կերազէին Լիզպոնի տղաքը:

Ըսենք եւ այդ ուղղութեամբ աշխատանք տանինք միասնաբար ձեռք ձեռքի:

Փառք Լիզպոնի հերոսներուն, փառք անոնց յիշատակը անմահացնողներուն․․․

Share