Րաֆֆի Համբարյանը Ամերիկյան Օրենսդիրներին Հորդորել է Օրենքի Ուժով Ապահովել «907-րդ Բանաձևի» Կատարումը

Րաֆֆի Համբարյանը Ամերիկյան Օրենսդիրներին Հորդորել է Օրենքի Ուժով Ապահովել «907-րդ Բանաձևի» Կատարումը

Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի ջանքերով, փետրվարին ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի ավելի քան 100 անդամներ միացել էին Կոնգրեսի հայկական խմբին` Բայդենի վարչակազմին ներկայացնելով Հայաստանին, Արցախին և Հայոց ցեղասպանությանը վերաբերող քաղաքական առաջնահերթությունների շրջանակ, ինչը ներառում էր՝

· հայ ռազմագերիների հարցը,

· Թուրքիային և Ադրբեջանին իբրև ագրեսոր պետությունների ճանաչում,

· Հայաստանին և Արցախին խոշոր ֆինանսական օժանդակության տրամադրում,

· «907-րդ բանաձևի» պահանջների կատարում,

· Թուրքական անօդաչուներում ամերիկյան տեխնոլոգիաների կիրառման բացառում,

· Թուրքիայի կողմից վարձկան ահաբեկիչների տեղափոխման և ռազմական գործողություններում նրանց օգտագործմանն անդրադարձ։

Պետդեպարտամենտը 2021 թվականի մայիսի 6-ին խիստ թերի պատասխան գրություն է ուղարկել կոնգրեսականներին, ինչին մայիսի 19-ին արձագանքել է Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի նախագահ Րաֆֆի Համբարյանը։

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի ավելի քան հարյուր ներկայացուցիչներին ուղարկած նամակով՝ Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի նախագահ Րաֆֆի Համբարյանը ներկայացնում է ԱՄՆ հայ համայնքի խորը հիասթափությունը Պետքարտուղարության կողմից Կոնգրեսի անդամներին ուղղված պատասխանի կապակցությամբ:

Հայ դատի հանձնախմբի նախագահն իր նամակում ընդգծում է. «Միացյալ Նահանգները պետք է արգելանք դնի Բաքվի ռազմատենչությանը, այլ ոչ թե խրախուսի ադրբեջանական ագրեսիան: Ամերիկյան ռազմական օգնություն տրամադրումը նավթով հարուստ Ալիևի վարչակարգին, որն ուղղակիորեն սպառնում է հայերին իրենց բնիկ հայրենիքում, հակասում է Նախագահ Բայդենի նախընտրական հայտարարություններին և նրա կողմից վերջերս Հայոց ցեղասպանության ճանաչմանը: Ցեղասպանության ճանաչումը լուրջ պատասխանատվություն է ենթադրում՝ չզինել այն երկրներին, որոնք բացահայտ ձգտում են ավարտին հասցնել հենց այդ հանցագործությունը»։

Շնորհակալություն հայտնելով շուրջ 100 կոնգրեսականներին՝ Համբարյանը վերջիններիս կոչ է անում ստիպել Պետքարտուղարությանը՝ բովանդակային անդրադարձ կատարել դեռևս փետրվարին բարձրացված հարցերին, ինչպես նաև Սպիտակ տնից հետ կանչել «907-րդ բանաձևի» կատարումից հրաժարվելու հնարավորությունը և օրենքի ուժով արգելել Արդբեջանին ԱՄՆ կողմից ռազմական կամ անվտանգային նշանակության օգնության տրամադրումը։

Նամակի ամբողջական տեքստին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով

ՀՅԴ Բյուրոյի Հայ Դատի կենտրոնական գրասենյակ

20.05.2021թ.

Share