Հայ Յեղափոխական Դաշնակցությունը հիմնադրվել է 1890 թ. օգոստոսին, Վրաստանի մայրաքաղաք Թիֆլիսում: Սկզբնապես կազմավորվել է որպես Հայ Յեղափոխականների Դաշնակցություն՝ նպատակ ունենալով համախբել Արևմտյան Հայաստանի ազգային-ազատագրական պայքարին լծված հեղափոխական կուսակցություններն ու խմբավորումները:
1892 թ.-ին գումարված Առաջին Ընդհանուր Ժողովում, կուսակցությունը վերանվանվել է Հայ Յեղափոխական Դաշնակցություն և հիմնվելով կազմակերպական ապակենտրոնացման սկզբունքի վրա, վերածվել է գաղափարական և բարոյական միաձույլ կուսակցության: Որպես այդպիսին՝ ՀՅԴ-ն գլխավորել է և շարունակում է մնալ հայ ժողովրդի ազգային-ազատագրական պայքարի դրոշակակիրը: Գործունեության առաջին իսկ օրերից Դաշնակցությունը եղել է գործի կուսակցություն՝ դառնալով հայ ժողովրդի մարտական բազուկը: Իր ծավալած հեղափոխական և կազմակերպչական եռուն գործունեությամբ՝ Դաշնակցությունը զինել է մեր ժողովրդին և պատրաստել ինքնապաշտպանության և համաժողովրդային ընդհանուր ապստամբության: Համիդյան բռնատիրության տապալման և պարսկական սահմանադրական շարժման հաղթանակի մեջ կարևոր դեր է ունեցել ՀՅԴ-ն:
1907 թ.-ին գումարած Չորորդ Ընդհանուր Ժողովից սկսած, Հայ Յեղափոխական Դաշնակցությունը ծավալուն պայքար է մղել նաև Արևելյան Հայաստանում ու Կովկասում ՝ խնդիր ունենալով պաշտպանել հայության ազգային-մշակութային և ընկերային-տնտեսական իրավունքները:
Հատակապես հայ աշխատավորության շահերի պաշտպանության ճակատում մղել է ծավալուն պայքար, և որպես ռուսական իրականության մեջ գործող ընկերվարական կուսակցություն, ՀՅԴ-ն անդամակցել է Ընկերվարական Բ. Միջազգայնականին և ստացել է հայ ժողովրդի ընկերվարական հոսանքը ներկայացնող լիիրավ անդամի կարգավիճակ:
Այսպիսով՝ Դաշնակցությունը որպես մեկ ամբողջություն արժևորել է թե՛ Օսմանյան Թուրքիայի, և թե՛ Ցարական Ռուսաստանի լծից հայ ժողովրդի ազգային ազատագրության դատերը:
1918 թ.-ին ղեկավար դերակատարություն է ունեցել Հայաստանի անկախության նվաճման և Հայաստանի Հանրապետության կերտման մեջ՝ որդեգրելով ազատ, անկախ և միացյալ Հայաստանի հանգանակը:
1920 թ.-ի դեկտեմբերին, Հայաստանի անկախության կորստից և հանրապետության խորհրդայնացումից հետո, Հայ Յեղափոխական Դաշնակցությունը դարձել է տարագիր կուսակցություն՝ մինչեւ 1932 թվականը, Հայաստանում ընդհատակյա գործունեությունը շարունակելով հանդերձ:
Այնուհետև, մինչև 1988 թ.-ի Արցախյան շարժման պոռթկումը, ՀՅԴ գործունեության առանցքը եղել է մի կողմից հայկական սփյուռքի ազգապահպանումն ու կազմակերպումը, իսկ մյուս կողմից Հայ Դատի հետապնդումը՝ իր զույգ մակարդակներով. առաջին՝ հայկական Ցեղասպանության արդար հատուցման պահանջով պայքար Թուրքիայի դեմ, երկրորդ՝ Խորհրդային Հայաստանի հայության ազգային և մարդկային իրավունքների պաշտպանությունը ընդդեմ խորհրդային ամբողջատիրության:
1988 թ.-ին Արցախյան շարժման պոռթումից հետո, Հայ Յեղափոխական Դաշնակցությունը վերահաստատել է համահայկական կազմակերպության իր տեղն ու դերակատարությունը հայ ժողովրդի կյանքում։ Ձեւավորվել է Հայաստանի, Արցախի, ԱՊՀ և արտասահմանյան 28 երկրներում գործող կազմակերպական ծավալուն ցանց:
ՀՅԴ-ն առաջադրում է Հայաստանի և Արցախի՝ հայկական զույգ պետությունների ամրապնդումը՝ որպես կռվանները, հայ ժողովրդի ազգային իրավունքների ամբողջական վերականգման:
Հայ Յեղափոխական Դաշնակցությունը իր էությամբ, աշխարհայացքով և ավանդներով ազգային, ընկերվարական, ժողովրդավարական և հեղափոխական կուսակցություն է:
Հայ Յեղափոխական Դաշնակցությունը իր բոլոր ուժերով պայքարում է հայ ազգի քաղաքական-տնտեսական, ընկերային-մշակութային բովանդակ շահերի պաշտպանության համար:
Հայ Յեղափոխական Դաշնակցությունը իր գաղափարախոսությամբ հիմնավորում է հայ ժողովրդի ազգային-ազատագրական պայքարը՝ առաջադրելով անահատի ազատության, ազգային ինքնորոշման, անկախ պետականության, ընկերության համերաշխության և բարօրության ճամփով ապահովել հայ մարդու և հայ ազգի անկաշկանդ, բազմակողմանի և ներդաշնակ զարգացումը:
Հայ Յեղափոխական Դաշնակցությունը ձգտում է հասնել Հայ Դատի լուծմանը, ամբողջական հայությամբ՝ ամբողջական հայրենիքի կերտմանը: